Դնեպրոպետրովսկի իշխանությունները 2 մլն գրիվեն են խոստանում (մոտ 250հազ. դոլար) քաղաքում պայթյունների կազմակերպիչների մասին ցանկացած տեղեկատվության համար: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մի շարք պայթյուններ տեղի ունեցած քաղաքում ապրիլի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում:

Պետության ղեկավարը նաեւ հայտնել է, որ նվազել է պայթյունների մասին վարկածների քանակը:  «Նախկինում մշակված տարբերակները, շարունակում են մնալ, միայն թե դրանց թիվը զգալի նվազել է», - ասել է նա: Յանուկովիչի խոսքով`հետաքննությունն ունի ուղղություններ, որոնցով շատ ավելի է խորացել: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել հանցագործներին եւ հնարավորինս կարճ ժամկետներում պատժել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Յանուկովիչը նաեւ  Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլին հանձնարարել է Ուկրաինայի կառավարության հետ համատեղ լուծել տուժածներին նյութական փոխհատուցում հատկացնելու հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկական հիվանդանոց այցելելիս Յանոկովիչը չէր բացառել, որ Դնեպրոպետրովսկում պայթյուններն ուղղված են եղել երկրում իրավիճակի ապակայունացմանը: Շատ վերլուծաբաններ դա կապում են կայանալիք Եվրո-2012 ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ:

Դնեպրոպետրովսկում ապրիլի 27-ին պայթյունների հետեւանքով տուժածների թիվը կազմել է 30 մարդ, որոնցից 10-ը` երեխաներ: 

Հիվանդանոցներում շարունակում է մնալ 22 մարդ (4-ը ծանր վիճակում, 7-ը` միջին ծանրության, 11-ը` թեթեւ):