Դու կարող ես չզբաղվել քաղաքականությամբ, բայց պարտավոր ես և պարտավոր ես նաև ընկերներիդ հորդորել, խնդրել՝ գնալ ու մասնակցել ընտրություններին։ Այս մասին գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Այս իշխանությունների հույսն ինչն է, որ լինի ցածր մասնակցություն, իրենք մոբիլիզացնենք իրենց ընտրազանգվածին ու կարողանան վերարտադրվել։ Համոզեք ձեր հարազատներին, որ քո ձայնը կարևոր է։ Նախորդ տարիներին ասել են՝ դե քո ձայնը կարևոր չէ, դու խելոք տունը նստի, քո փոխարեն մենք կորոշենք. ոչ, քո փոխարեն ոչ մեկ չի որոշելու։ Դու մի բանի համար պետք է ընտրես. դու գնում ես և հունիսի 7-ին ընտրում ես մարդու, ով վաղը գնալու է Ալիևի, Էրդողանի, Պուտինի, Թրամփի հետ բանակցելու։ Այժմ դաշտում մոտ 20 խաղացող կա, բայց դու էս մի ընտրությունը պետք է կատարես։ Էլի ասֆալտի մեջ պետք է ընտրես, էլի լավ ապրելու մեջ պետք է ընտրես, բայց քո կարևոր առաքելությունը, և այդպես գնաս ընտրության»,- նշեց Խամոյանը։
Խամոյանը հորդորեց, որ գնան ու ընտրեն փորձառությունը, այլ ոչ թե փորձանքը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից 8 տարվա ընթացքում Գյումրիում արված բարեփոխումներին՝ Խամոյանն ասաց. «Գյումրիում քանի՞ տուն է կառուցվել երկրաշարժից հետո, սրանք մի տուն, մի շենք կառուցե՞լ են։ Ասում էին՝ աղետի գոտի էլ գոյություն չունի։ Քոչարյանի ժամանակ ինչքան բան է կառուցվել, ուղղակի դրանք չեն գովազդվում»։











