ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում՝ Օվալաձև աշխատասենյակում, երեխաների ֆիզիկական պատրաստվածության մասին հռչակագրի ստորագրման ժամանակ մեկնաբանել է Իրանի դեմ իրականացվող ռազմական արշավը։

«Մենք նրանց շատ ուժգին ջախջախել ենք, հիմա նրանք վերածվել են փոքր նավակների՝ քթամասում գնդացիրներով»,- ասել է նա Իրանի մասին՝ կրկնելով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին արտահայտությունը։ «Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ջրի տակ՝ ծովի հատակին»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև Իրանի միջուկային ծրագիրը։

«Դրանք հիվանդ մարդիկ են, և մենք թույլ չենք տա խելագարներին տիրանալ միջուկային զենքի»,- հայտարարել է նա։

Ինչ վերաբերում է մեծ պատերազմին, Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի «գործերը լավ են ընթանում… Մենք նրանց լուրջ պարտության ենք մատնել»։

Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ը մասնակցել է փոքր ռազմական բախման, սակայն մանրամասներ չի հայտնել։

Երեկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ խորտակել է առնվազն վեց իրանական մոտորանավակ։

Ավելի ուշ Թեհրանը հերքել էր այդ հայտարարությունը։