Կենսաթոշակային ներկայիս բաշխողական համակարգը դեֆիցիտային է, ապագայում իրավիճակն ավելի վատթարանալու է: Այդ մասին Ծաղկաձորում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Հայաստանը գնալով ծերանում է, ու այդ ժողովրդագրական խնդիրները անդրադառնում են նաեւ ֆինանսական համակարգի վրա` սոցիալական ապահովության վճարները բավարար չեն կենսաթոշակները վճարելու համար: Այլ կերպ` սերունդների համերաշխության սկզբունքը չի գործում` ներկա սերունդը ի վիճակի չէ բարեկեցություն ապահովել թոշակի անցնող նախկին սերունդսների համար:
Այդ խնդիրները հաղթահարելու համար Հայաստանն անցնում է կենսաթոշակների վճարման կուտակային համակարգին: 2014 թ. հունվարի 1-ից կներդրվի պարտադիր կուտակային համակարգը` այդ պահին 40-ը չլրացած անձանց համար: 2011 թվականից գործում է կամավոր կուտակային համակարգը:
Ըստ Վ. Արամյանի` ֆինանսական լարվածությունը մեղմելու համար Հայաստանը պետք է փոխի ժողովրդագրական վիճակը, մասնավորապես` պետք է աճի ծնելիությունը:




























