Պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի հասնեն «ըմբռնման որոշակի մակարդակի» այն հարցերի շուրջ, թե որ թեմաներով է Թեհրանը պատրաստ բանակցություններ վարել, և գործարքը, առնվազն նախնական փուլում, գուցե պետք է պարզապես բարձր մակարդակի փոխըմբռման հույս ունենալ. հայտնում է CNN-ը:
«Պարտադիր չէ գրավոր համաձայնագիր կնքել, սակայն մեզ անհրաժեշտ է դիվանագիտական լուծում, որտեղ հստակ նշված կլինեն այն թեմաները, որոնց շուրջ նրանք պատրաստ են բանակցել, ինչպես նաև այն զիջումների աստիճանը, որոնց նրանք պատրաստ են գնալ սկզբնական փուլում՝ այդ բանակցություններն արժեքավոր դարձնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ռուբիոն հայտնել է նաև, որ թեև Իրանը «միշտ հայտարարել է, թե իրեն միջուկային զենք պետք չէ... նա պարզապես դա նկատի չունի»:
Նա Թեհրանին մեղադրել է այն բանում, որ Իրանն «անում է այն ամենը, ինչ անում է ցանկացած երկիր, եթե ցանկանում է միջուկային ծրագիր ստեղծել»:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի ձգտումը դեպի նորարարություններ «հեռահար հրթիռների» ոլորտում և ուրանի հարստացման համար ստորգետնյա ցենտրիֆուգների կառուցումը:
Ռուբիոն հայտարարել է, որ Թեհրանն այժմ հնարավորություն ունի «հասկացնել տալու», որ իրենք չեն ցանկանում տիրապետել միջուկային զենքի:




























