Անցյալ տարի Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 40 միլիոն դոլար. Թեև այս ծավալը դեռ մեծ չէ, այն աճել է մոտ 30%-ով։ Այս մասին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում Ասիական զարգացման բանկի տարեկան համաժողովի շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների և արտաքին առևտրի նախարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Խուսրավ Իսլոմխոջաևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երկու երկների միջև տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը և որ ոլորտներում է համագործակցության առավել մեծ ներուժ տեսնում։
«Այս տարվա առաջին եռամսյակում աճը արդեն կազմել է ավելի քան 51%, իսկ ծավալը՝ մոտ 12 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները բավական մեծ են։ Հատկապես կարևոր ուղղություններից են գյուղատնտեսությունը, գինեգործությունը և հարակից ոլորտները», նշել է նա։
Հարցին՝ կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր, որոնք այժմ իրականացվում են կամ մշակվում են՝ երկու երկրների միջև ներդրումները խթանելու համար, նա պատասխանել է․ «Կարող եմ նշել, որ տարեցտարի մեր հարաբերությունները զարգանում են։ Կառավարական մակարդակով համագործակցության հիմնական ձևաչափերից մեկը Միջկառավարական հանձնաժողովն է։ Մենք նախատեսում ենք այս տարի անցկացնել դրա հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվեն նոր առաջարկներ։ Դրանք հետագայում կքննարկվեն նախարարական մակարդակով, և համոզված եմ, որ արդյունքում կունենանք կոնկրետ ցուցանիշներ և փաստերով հաստատված առաջընթաց»։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի շուկան գրավիչ է ուզբեկական բիզնեսի համար, և արդյոք կան ընկերություններ, որոնք արդեն ներդրումներ են կատարում Հայաստանում կամ նախատեսում են դա անել ապագայում, Խուսրավ Իսլոմխոջաևը նշել է․ «Ինչպես արդեն նշեցի, մեր երկրների միջև առևտուրն աճում է, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրության մասին։ Ներկայումս հայտնի է, որ Ուզբեկստանի ռեգիստրում գրանցված ավելի քան 45 ընկերություններ ունեն հայկական կապիտալ, և այդ թիվը տարեցտարի աճում է։ Սա ցույց է տալիս, որ հետաքրքրությունը դեռ սկզբնական փուլում է, բայց ունի մեծ զարգացման ներուժ։ Հուսով եմ, որ ապագայում սա կդառնա ավելի լայն համագործակցության սկիզբ»։
Խոսելով այն մասին, որ ամռանը նախատեսվում է Երևան–Տաշքենդ ուղիղ ավիաչվերթների գործարկում, Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների և արտաքին առևտրի նախարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալը նշել է, որ դա մեծ ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջային հոսքերի ավելացման վրա։
«Հայաստանը և Ուզբեկստանը երկուսն էլ հայտնի են իրենց զբոսաշրջային գրավչությամբ, իսկ մեր մշակույթները շատ նման են։ Սա ցույց է տալիս, որ նախկինում լիարժեք չենք օգտագործել մեր հնարավորությունները։ Ուղիղ չվերթները հնարավորություն կտան զարգացնել բիզնես կապերը, ինչպես նաև զգալիորեն կհեշտացնեն լոգիստիկան։ Կարծում եմ՝ սա կլինի կարևոր գործոն մեր համագործակցության հետագա աճի համար»,–հավելել է նա։




























