ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելառուսի իշխանություններին մեղադրել է 44-օրյա պատերազմի նախապատրաստման հարցում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այս կարծիքը Սիմոնյանը հայտնեց մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում։

Մեկնաբանելով նախօրեին Բելառուսի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հանձնված բողոքի նոտան՝ ԱԺ ղեկավարը հայտարարեց. «Չեմ մեկնաբանում։ Բելառուսը Բելառուս է, Հայաստանը՝ Հայաստան։ Ես իմ երկրի պատասխանատուն եմ»

Հարցին՝ արդյո՞ք իր հայտարարություններն ավելի չեն վատացնի երկու երկրների հարաբերությունները, Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները:

Շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները, և քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է: Հայաստանի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և, ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում: Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ, ոչ այնպիսին, ինչպիսին Հայաստանը»։

Պատասխանելով ոչ դիվանագիտական ձևակերպումների մասին հարցին՝ Սիմոնյանը հայտարարեց, որ դա իր բնավորությունն է, բացի այդ՝ խորհրդարանական գործունեությունն իրեն չի կաշկանդում ձևակերպումների մեջ՝ ի տարբերություն դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչների։

«Ի՞նչ եք կպել Բելառուսից»,- համբերությունը կորցնելով հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ բողոքի նոտայի մասին լուրը կարդացել է լրատվամիջոցներում և այլ տեղեկություններ չունի։

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է։ Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով, օրենքի գերակայությամբ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ Այդ հայտարարարությունից հետո Բելառուսի ԱԳՆ–ն բողոք էր հայտնել պաշտոնական Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ Բելառուսական կողմը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները  Բելառուսի մասին նախընտրական պոպուլիզմ են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։