Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը առաջին անգամ էր տեղի ունենում Երևանում, և կարծում եմ՝ շատ կարևոր էր, որ մեր օրակարգը առաջ մղեինք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, ԵՄ–ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանը մեծ տնային աշխատանք ունի կատարելու, այդ թվում վիզաների ազատականացման և այլ բարեփոխումների ուղղությամբ, սակայն վերջին հինգ-վեց տարիների ընթացքում այդ գործընթացի իմպլեմենտացիան Հայաստանը ձախողել է։

«Հիմա ԵՄ–ն Հայաստանի նկատմամբ նշանակել է խորհրդատուների, որ աջակցեն Հայաստանին, որ վերջինս կարողանա վիզաների ազատականացման բարեփոխումներից սկսած մինչև մնացած ինստիտուցիոնալ բարեփոխումները իրականացնել, որովհետև մենք մեր տնային աշխատանքը չենք կատարել։ Հետևաբար մեր օրակարգը Հայաստանին աջակցության օրակարգն էր, մինչդեռ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նվիրված էր երկու կարևոր հարցերի՝ աջակցություն Ուկրաինային և ԱՄՆ–ի զորքերը Եվրոպայից դուրս բերելուն։

Հայաստանում եղած պրոցեսների մասին քննարկումներ պետք է լինեին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում, այդ թվում բարեփոխումների ու ֆինանսական աջակցության մասով, բայց բնական է, որ այս ամենը նախընտրական փուլում ծառայեցվելու է, օգտագործվելու է իշխանությունների կողմից»,–ասաց Մարուքյանը։

Հարցին՝ ո՞ր մասով է Հայաստանը ձախողել տնային աշխատանքը, ինչ պետք է աներ, որ չի արել, Մարուքյանը պատասխանեց. «Կառավարման անարդյունավետության խնդիր կա։  պրոցես Այդ բարեփոխումները մենք վաղուց պետք է արած լինեինք, բայց մեր կառավարությունը, նախարարությունները, խորհրդարանը քաղաքական կամք չունեն ռեֆորմներն անելու, իսկ եթե որոշ դեպքերում  քաղաքական կամք ունեն, ապա ռեսուրսներ չունեն, մարդիկ չունեն, ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում չեն։ Հետևաբար այդ օրակարգը համարվում է ձախողված, և ԵՄ-ն հիմա պետք է աջակցի մեզ, որ կարողանանք այդ օրակարգը առաջ մղել։

Օրինակ վիզայի ազատականացման մասով մոտավորապես դեռ 4 տարվա գործ ունենք անելու, ու դա լավագույն դեպքում»։

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ իշխանությունը փորձում է նստել երկու աթոռի վրա, որն իրականում հնարավոր չէ, և այդ խաղը ավելի շատ ներքաղաքական նշանակություն ունի. «Ներքաղաքական կյանքում իրենք գիտեն, որ ժողովրդի մի ստվար զանգված ցանկանում է Հայաստանի մերձեցումը ԵՄ–ի հետ, և իրենք փորձում են այդ հատվածի ձայները վերցնել։ Իրենց գործընկեր քաղաքական ուժեր կան, որոնք լոբբինգ են անում իբր թե եվրոպական ինտեգրացիայի օրակարգը, և այդ ուժերի ձայները իշխանությունները հիմա սրբելու են, տանելու են, այս ուժերը մնալու են ձեռնունային։ Այն օրակարգը, որ իրենք լոբբինգ են արել, իշխանությունը վերցրել է, ասում է՝ ես եմ դա անում, այդ թվում Հայաստան–ԱՄՆ, Հայաստան–ԵՄ մերձեցման օրակարգերը»,– ընդգծեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ տվեցին Հայաստանում անցկացված գագաթնաժողովները, Մարուքյանն ասաց. «Տվեց այն, որ Հայաստանը եղավ ուշադրության կենտրոնում, բայց ամեն դեպքում, պետք է զգույշ լինել և ամեն ինչ անել, որ Հայաստանը այս համաշխարհային հակամարտության պայմաններում չդառնա որևէ կերպ գործիք, պլազդարմ՝ այստեղից տարբեր  երկրների հոխորտանքներ տալու համատեքստում։

Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է ամբիցիա դրսևորել, օրինակ, ԱՄՆ–Իրան բանակցությունների մասով, ասելով, որ ես պատրաստ եմ ընդունել այդ բանակցությունները Երևանում, որպես չեզոք կողմ։ Բայց մեր իշխանությունները տեսլական չունեն, ամբիցիա չունեն, ոչ մի բան չունեն, ուտելու, խմելու, համերգների մասին է մեր քաղաքականությունը»։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Երևանում անցկացվեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ապա նաև Հայաստան–ԵՄ գագաղթնաժողովը, որոնց մասնակցեցին շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ։