Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում հեղափոխություն է տեղի ունեցել, և մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ ու ջանքեր գործադրել։ Այդ մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականից հետո Հայաստանը սկսել է ծայրահեղ զգուշությամբ կամ ակամա համաձայնել այլ երկրների կողմից անվտանգության ապահովմանը. այդ տարի իրավիճակը լիովին փոխվեց, և երկիրը ստիպված եղավ անվտանգության ապահովման այլընտրանքային ուղիներ փնտրել։ Նա պարզաբանել է, որ այդ ուղիներից մեկը դարձել է հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ու դիվերսիֆիկացիան, ինչի արդյունքում բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվել։
«Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվում հենց դիվերսիֆիկացման շնորհիվ։ Այսօր ամենաբարձր մակարդակով մշտապես հնչում է այն պնդումը, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։ Հույս ունեմ, որ մենք կշարունակենք նույն ոգով», - նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհաքաղաքականությունը փոխվում է, և ավելի ու ավելի շատ երկրներ կենտրոնանում են սեփական անվտանգության ապահովման իրենց հնարավորությունների վրա։
«Ես չէի ցանկանա ասել, որ ռազմական դաշինքները չեն գործում, դրանք շարունակում են կարևոր մնալ, սակայն կարևոր է նաև կենտրոնանալ սեփական հնարավորությունների վրա», - հավելել է նա։ Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանը վերջին մի քանի տարիներին առաջնահերթ ուշադրություն է դարձրել դիվերսիֆիկացմանը, որպեսզի հնարավորինս շատ այլընտրանքներ ունենա, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ առկա մենաշնորհները խնդիր են ներկայացնում։
«Մեզ հաջողվել է նախկինում հակամարտային ընկալվող տարածաշրջանը վերափոխել խաղաղ տարածաշրջանի։ Երեկ ԵՄ ղեկավարությունը կոչ է արել ներդրողներին գալ Հայաստան, և սա տեղաշարժ է, տարածաշրջանում ևս մեկ հեղափոխություն։ Մենք վստահ ենք, որ շարունակելու ենք շարժվել այս ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք նաև ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղությունը։ Տարածաշրջանի բոլոր երկրներն այս ամենից շահում են, և մենք այս գործընթացում ԵՄ-ին տեսնում ենք որպես շատ կարևոր գործընկեր, որն օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները։ Միաժամանակ մենք զարգացնում ենք հարաբերությունները նաև այլ գործընկերների հետ։ Սա նույնպես շատ կարևոր է մեզ համար», - եզրափակել է Արմեն Գրիգորյանը։





























