ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները վտանգի տակ են դնում երկրի անկախությունը՝ փորձելով վերաուղղվել դեպի արևմտամետ ուղեգիծ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի առընթեր միջէթնիկական հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն։
«Այս բոլոր գագաթնաժողովներն անցկացվում են բացառապես այն նպատակով, որպեսզի Հայաստանը պոկեն Ռուսաստանից։ Այժմ դժվար է ասել, թե ապագայում դա ինչի կհանգեցնի Հայաստանի համար, սակայն եթե երկիրը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կամ փորձի մտնել որևէ եվրոպական միությունների, կազմակերպությունների, նախագծերի մեջ, ապա, անշուշտ, կկորցնի ՀՆԱ-ի մի մասը և ինքնիշխանության մի մասը», - ասել է Բեզպալկոն։
Նրա խոսքով՝ Փաշինյանի համախոհները պատրաստ են գնալ տնտեսական կորուստների և ինքնիշխանության կորստի՝ իրենց պետությունը արևմտամետ ուղեգծի վրա վերակողմնորոշելու համար։
Սակայն Երևանին մեծ տնտեսական կորուստներ են սպասվում․ Եվրոպայում ոչ ոք չի սպասում հայկական ապրանքներին, իսկ Ֆրանսիայում և Գերմանիայում ունեն ալկոհոլի, հանքային ջրի և մրգերի իրենց արտադրողները, նշել է փորձագետը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ քաղաքականապես կշարժվի դեպի Արևմուտք, իսկ տնտեսական առումով կհամագործակցի Ռուսաստանի հետ, ապա նա սխալվում է», - եզրափակել է Բեզպալկոն։





























