Ալիևը հասկանում է, թե որքան կարևոր է Ադրբեջանը Եվրոպայի համար Իրանի հետ պատերազմում, և շարունակում է Հայաստանի և Եվրոպական խորհրդարանի վրա հարձակումները։ Նրա հայտարարությունն անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր, սակայն եվրոպացի առաջնորդները լռել են, իսկ ոմանք նույնիսկ մեկնել են Բաքու, որտեղ նրանք, իհարկե, չեն բարձրացնի հայ գերիների հարցը։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Եթե Եվրոպան շահագրգռված չէր միջամտել Հայաստանում սպասվող ընտրություններին, ապա ինչո՞ւ որոշեց իր միջոցառումներն անցկացնել Հայաստանում՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Նա կարող էր այդ միջոցառումներն անցկացնել ընտրություններից հետո կամ մեկ այլ ժամանակ։ Արդյո՞ք այս միջամտությունն ուղղված է Փաշինյանին սատարելուն, թե՞ նաև Ալիևին աջակցելուն»,- հավելել է նա։
Ամստերդամը հիշեցրել է, որ Ալիևը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քրիստոնյա նահատակներին բնորոշել է որպես ռազմական հանցագործներ և պահանջել հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Ադրբեջանի նման բռնապետական երկրում։
Նա հավելել է, որ Հայաստանն այսօր մի երկիր է, որտեղ իրավունքի գերակայությունը չի հաղթանակել և որը գտնվում է ավտորիտար վիճակում. իշխանությունների քաղաքական ընդդիմախոսները ձերբակալված են կամ գտնվում են տնային կալանքի տակ, եկեղեցին գտնվում է հարվածի տակ, Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է Հայ առաքելական եկեղեցու ոչնչացմանը, ինչը հակասում է միջազգային իրավունքին (այդ թվում՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրին)։
«ԵՄ-ն նպատակահարմար չի համարել հայտարարել իրավունքի գերակայության սկզբունքի բազմաթիվ այն խախտումների մասին, որոնք Հայաստանում տեղի են ունենում ամեն օր։
Ես երբեք չեմ տեսել, որ անցկացվի նմանատիպ մի գագաթնաժողով, որտեղ Հայաստանում ներդրումներ կատարելու ոչ մի պարտավորություն չստանձնվեր, և հանուն հայ ժողովրդի բարօրության ոչ մի իրական ու էական խոստում չտրվեր։ Հայ ժողովուրդը որևէ օգուտ չստացավ։
Հայաստանի վարչապետը այս միջոցառումների ընթացքում նույնպես չի հիշատակել սարսափելի պայմաններում գտնվող քաղաքական բանտարկյալների մասին, կամ այն մասին, որ Հայաստանի տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետր գրավված է, կամ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման մասին։ Փոխարենը նա քաղաքավարական խոսքեր է փոխանակել Ադրբեջանի հետ։
Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի շահերը, հնարավոր է, որ չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ», - եզրափակել է Ամստերդամը։





























