ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցում թերություններ կան։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ավելացնելով, որ թերութությունները ոչ թե միտումնավոր են, այլ անփութության՝ հետեւանք։ «Զեկույցում շատ են թերի կողմերը: Ներկայացված կարծիքը կենտրոնացել է առանձին բացասական դեպքերի վրա, որոնք օրինաչափ չեն եւ չեն կարող ներկայացնել ամբողջական ֆոնը»,- ասել է Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ բարեփոխումներն ըստ արժանվույն չեն գնահատվել։
Զեկույցում մեղադրանք կա ուսուցիչներին ու աշակերտներին քարոզչության մեջ ներգրավելու, ապօրինի պաստառներ փակցնելու կապակցությամբ:
Ըստ Մուկուչյանի՝ ներկայացված օրինակները բոլորը վերաբերում են մասնավոր, առանձին դեպքերի, չկան նախապես մտածված, կազմակերպված թերությունների եւ խախտումների դեպքեր:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունն ապրիլի 27-ին հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ։ Զեկույցում նշվում է, որ քարոզարշավը, շատ ակտիվ է անցնում։ Դրականի հետ զեկույցում խոսվում է նաեւ թույլ տրված թերությունների եւ խախտումների մասին:




























