Հանրապետական կուսակցության արտաքին եւ ներքին քաղաքական ուղեգծերը ճիշտ են: Այս մասին Դավթաշենի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ակնհայտ է փոփոխությունների ակնկալիքը, սակայն դրանց իրականացումը ժողովուրդը կապում է կարող ուժի հետ: Ինձ համար պարտավորեցնող է, որ այս ընթացքում շատ մարդիկ` հողի մշակներ են, ուսանողներ, որոնք մեզնից կախված չեն եւ կեղծավորություն անելու հիմք չունեն, համոզված են, որ խնդիրները կարող է լուծել միայն ՀՀԿ-ն»,- շեշտել է Հանրապետականի առաջնորդը՝ նշելով, որ կուսակցության քաղաքականության արդյունքները շոշափելի, բայց բավարար չեն:
Նրա խոսքով` քաղաքացիները տեսնում են երկրի խնդիրները եւ հավատում, որ դրանք լուծվելու են: «Մենք առաջարկում ենք նոր քաղաքականություն, որի կիզակետում մարդն է: Մեր նպատակն է մարդկանց ապահովել աշխատանքով, արժանապատիվ վարձատրությամբ եւ բարելավել կյանքի պայմանները»,- նշեց Սերժ Սարգսյանը` կոչ անելով մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ մտածել ավելի կրթված, մաքուր եւ բարեշեն Հայաստանի մասին:































