Մերձավոր Արևելքի հակամարտությունը տնտեսական աղետ է դարձել Եվրոպայի մեծ մասի համար։ Այս մասին ամերիկյան New York Times պարբերականի իր սյունակում գրում է գերմանացի քաղաքագետ Կլաուդիա Մայորը:
«Իրանի հետ պատերազմը տնտեսական հարված հասցրեց Եվրոպային։ Հորմուզի նեղուցի գրեթե լիակատար փակումը, որով մինչ պատերազմն անցնում էր համաշխարհային նավթի և գազի արտահանման շուրջ 20%-ը, հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի, գնաճի սրման և խաթարել է նախկինում գրանցված թույլ տնտեսական աճը», — նշում է հոդվածի հեղինակը:
Ապրիլի 13-ից ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են իրանական նավահանգիստների ծովային երթևեկության լիակատար շրջափակումը Հորմուզի նեղուցի երկու կողմերից։ Հենց այս ուղով է իրականացվում նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը: Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատորեն անցնել նեղուցով, եթե Թեհրանին վճարումներ չեն կատարել անցման համար: Իրանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել վճարների ներդրման մասին, սակայն նախկինում խոսել են նման մտադրությունների մասին:




























