Ադրբեջանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունը որակել է սադրիչ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան՝ սեփական ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի մղած արդարացի պատերազմից հետո տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել կայուն խաղաղության համար, մենք վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նմանատիպ սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում սեփական տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Ֆրանսիայի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ժամանակահատվածում Ադրբեջանի տարածքներում հարյուրավոր մզկիթների և այլ մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման փաստը, մեկնաբանում է օկուպացիայի ժամանակաշրջանից մնացած որոշ կառույցների քանդման հարցը և անտեղի է համարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանում քննվող գործընթացին արվող հղումները։ Սա երկակի ստանդարտների վառ օրինակ է։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատող առաքելությունն «Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան» ուղարկելու Ֆրանսիայի կոչերը իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Հենց Ադրբեջանն է բազմիցս կոչ արել իրականացնել նմանատիպ գնահատող առաքելություններ, սակայն, ցավոք, դրանց անցկացումն անհնար է դարձել այնպիսի երկրների կողմից հարուցված հայտնի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են Հայաստանն ու Ֆրանսիան։ 2005 թվականի զեկույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է այս փաստը։

Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում կայուն և իսկական խաղաղության կառուցմանը», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։