«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պահանջել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից փարատի 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում վերաբնակեցնելու համար առաջացած մտահոգությունները։

Այն հարցին, թե արդյո՞ք նա տեղեկություններ ունի իշխանությունների գաղտնի պայմանավորվածությունների մասին (քանի որ և՛ ինքն է խոստանում ստեղծել 300 հազար աշխատատեղ, և՛ Ալիևն է խոսում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին), Կարապետյանը պատասխանել է, որ նմանատիպ տեղեկությունների չի տիրապետում, բայց հիմնվում է այն փաստի վրա, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահի բոլոր հայտարարությունները շատ արագ իրականություն են դարձել։ «Եվ ես չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանն այլ կերպ արձագանքի, քան թմբուկ նվագելով», - նշել է Կարապետյանը՝ առաջարկելով հարցը տված լրագրողին այդ նույն հարցով դիմել վարչապետին։ «Փաշինյանն ԱԺ ամբիոնից թող հայտարարի, որ 300 հազար ադրբեջանցի չի գալու։ Թող հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չի ստանալու։ Ես նման հայտարարություններ չեմ լսել, այդ պատճառով էլ համոզված եմ... Ես պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չունեմ, բայց տեսնելով այս ամենը՝ վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված։ Եթե մենք չկանգնեցնենք այս գործընթացը, ապա Հայաստանում կտեսնենք 300 հազար, 500 հազար, իսկ հաշվի առնելով նրանց բազմացման տեմպերը՝ թերևս նույնիսկ մեկ միլիոն ադրբեջանցի։ Սա երկրի համար կենսական նշանակության հարց է։ Կա երկու կարևոր խնդիր՝ Սյունիքի կորուստը և Հայաստանի տարածքում իրենց լավ զգացող ադրբեջանցիները», - նշել է Կարապետյանը։

Պատասխանելով այն մեղադրանքներին, թե ինքը դիրքորոշում չի հայտնել չմատակարարված զենքի դիմաց Ռուսաստանին փոխանցված 400 միլիոն դոլարի, ՀՀ տարածքների օկուպացիայի կամ Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքի վերաբերյալ՝ Կարապետյանն ընդգծել է, որ աշխարհում չկա մի հայ (նկատի ունի ոչ պաշտոնական անձանց, քանի որ «Փաշինյանը շատ բան է արել»), որն այդ ընթացքում ավելի շատ նպաստած լիներ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու փորձերին կամ ավելի շատ բան արած լիներ հայկական բանակի համար։ Միևնույն ժամանակ, Կարապետյանը նշել է, որ չի կարող փակագծեր բացել և խորհուրդ է տվել այդ հարցերն ուղղել իշխանություններին՝ Փաշինյանին և պաշտպանության նախարարներին։ «Պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը (նկատի ունի Ադրբեջանի նախագահին – խմբ.), երբ ինձ նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ օրերին ոչինչ չեն արել։ Նա հետախուզում չի հայտարարել ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նրա խմբավորման որևէ ներկայացուցչի նկատմամբ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Այն հարցին, թե արդյո՞ք կաշկանդված է Ռուսաստանին քննադատելու մեջ, Կարապետյանը նշել է, որ բարոյական իրավունք չունի «ոչ տեղին» քննադատություն հնչեցնելու համար։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նա նշել է, որ դրա հետ կապված դեռ հարցեր կան։ «Հարցեր կան բոլոր այն գործընթացների վերաբերյալ, որոնք հանգեցրին ազգային խայտառակության։ Բայց քանի որ ես իշխանության մեջ չեմ եղել, չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություններ են եղել։ Միգուցե Փաշինյանն ընդհանրապես չի՞ դիմել ՀԱՊԿ-ին. ինչպե՞ս մեկնաբանեմ այդ կազմակերպության անգործությունը»,- հայտարարել է Կարապետյանը՝ խոստանալով, որ իշխանության գալուց հետո կտա բոլոր հարցերի պատասխանները։ «Այսօր գուշակություններ անել չեմ կարող։ Ես՝ որպես հայ, իմ պարտքն ազնվորեն կատարել եմ, բայց չեմ կարող խոսել այդ մասին»,- նշել է Կարապետյանը։