Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի աշխատակիցները լկտի պահվածք են ցուցաբերել ու հայհոյել սեփականատիրոջը ու պոկել պաստառը։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գեւորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով "Շենգավիթում այսօր տեղի ունեցած միջադեպին։

«Իմ նկարն ու ԲՀԿ–ի պաստառը փակցված է եղել «Հայրենիք» կինոթատրոնի վրա, քանի որ ես լավ հարաբերություններ ունեմ, խնդրել էինք եւ սեփականատերը թույլ էր տվել։ Մեզ ասեցին, որ թաղապետարանի աշխատակիցները մոտեցել են գռեհիկ ձեւով, լկտի պահվածքով, առանց սեփականատիրոջը հարցնելու՝ պոկել են պաստառը, շպրտել, լկտի բառերով խոսել են սեփականատիրոջ հետ։ Ինձ հասած տեղեկություններով սեփականատիրոջը հայհոյել են, որից հետո վեճ է ծագել, քաշքշուկ է եղել»,– ասել է Ստեփանյանը։

Ավելի վաղ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը գրել էր. «Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ մակերեսը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում»։