Ապրիլի 29-ին Պակիստանի Քվետ քաղաքում հայտնաբերվել է Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի աշխատակից, բրիտանացի 60-ամյա բժիշկ Հալիլ Ռասջիդ Դեյլի գլխատված մարմինը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բրիտանացի բժշկի մարմինը հայտնաբերվել է ճամփեզրին: Բժիշկներն արձանագրել են, որ մահը վրա է հասել մոտ 12 ժամ առաջ:Կազմակերպության գլխավոր քարտուղար Իվ Դաքորն ընդգծել է, որ «խստագույնս դատապարտում է այդ բարբարոսական արարքը»:
Նշենք, որ Դեյլն առեւանգվել էր հունվարի 5 -ին, Քվետ քաղաքում: Քվետը Բելուջիստան նահանգի վարչական կենտրոնն է, այն գրեթե չի ենթարկվում Իսլամաբադին եւ այստեղ շատ ուժեղ են թալիբների ու «Ալ Քաիդայի» դիրքերը:




























