Նոր Զելանդիայի Ինվերկարգիլի քաղաքապետ Թիմ Շեդբոլտը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, բայց քաղաքապետի հարցազրույցը տեւել է ... 26 ժամ անընդմեջ:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հարցազրույցն սկսվել է ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին եւ ավարտվել ապրիլի 29-ին, ժամը 14:00-ին: Ընկերական այդ զրույցի ողջ ընթացքում քաղաքապետը խոսել է ամեն ինչից, ինչից հնարավոր է խոսել, այդ թվում` իր անձնական արկածների մասին:
Նշենք, որ Շետբոլտը իր ժպիտով եւ հումորով հայտնի է նաեւ հայրենի քաղաքի սահմաններից դուրս: Նա շատ ակտիվ համագործակցում է ԶԼՄ-ների հետ, անգամ որոշ էպիզոդիկ դերեր է խաղում սերիալներում, մասնակցել է նաեւ «Աստղերը պարում են» շոուին եւ զբաղեցրել երրորդ տեղը:
Ստուդիայում գտնվող Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչն աշխարհում ամենաերկարատեւ հարցազրույցի մասին փաստող հավաստագիր է տվել Շեդբոլտին եւ լրագրող Կոնրոյին:


























