«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը մեկնաբանել է նախօրեին բարձրացած վիճաբանությունը հալյուցինածին սնկերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր հալյուցինագեն սունկ օգտագործելու մեջ։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ դատի կտա և Կարապետյանին մի ամբողջ տոննա սունկ կուտացնի։

Այսօր լրագրողների հետ զրույցում Ղազինյանը հայտնել է, որ Կարապետյանը գաղտնիք չի բացել։ «Նա հայտարարել է այն մասին, ինչի մասին միշտ բոլորը կասկածել են, պարզապես չգիտեին՝ դա սունկ է, թե այլ բան», - պարզաբանել է Ղազինյանը։

Նա երկրի ղեկավարության հռետորաբանությունն անթույլատրելի է համարել, սակայն վստահեցրել է, որ «Ուժեղ Հայաստանը» չի իջնի այդ մակարդակին։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը, ինչպես երկրի մյուս քաղաքացիները, տեսնելով Փաշինյանի ոչ ադեկվատ պահվածքը, փորձել է հասկանալ, թե ինչով է դա պայմանավորված։

Կուսակցությանը խորհրդարան չթողնելու խոստումների վերաբերյալ Ղազինյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ինչպես են նրանք «թույլ չտալու» իրենց իսկ հռչակած ժողովրդավարության բաստիոնում․ այսինքն՝ նա ասում է, որ պատրաստվում է գողանալ ընտրողների ձայնե՞րը։ Թող փորձի, նշել է Ղազինյանը։