«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը մայիսի 8-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է իր գործընկեր լրագրողի հետ, որը 8 անգամ «թաղել» է իր տատիկին։
Այսպես է նա մեկնաբանել Փաշինյանի հրաժարումը Մոսկվայում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվելիք ռազմական շքերթին մասնակցելուց։
«Դպրոցներում կան երեխաներ, որոնց փորն անընդհատ ցավում է կամ ինչ-որ այլ բան։ Եվ այդ կերպ նրանք բաց են թողնում դասերը։ Իմ մոտ, «Երկիր Մեդիա» ալիքում աշխատում էր մի լրագրող։ Ութերորդ անգամ տատիկի հուղարկավորությանը մասնակցելուց հետո ես ստիպված եղա նրանից պահանջել իր տատիկների ցուցակը։ Նիկոլ Փաշինյանը լիովին կարող էր ասել, որ կորոնավիրուսով է հիվանդացել։ Այդպես մեկ-երկու օր ձգել և, այսպիսով, չգնալ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Այս ամենը լուրջ չէ։ Ցավոք, Փաշինյանը միայն իր ընտանիքի ներկայացուցիչը չէ։ Այդ դեպքում մենք կասեինք՝ «Գլուխը քարը, թող անեն ինչ ուզում են»։ Բայց, ցավոք, առայժմ նա Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է», - ասել է Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ աշխարհում ընդունված չէ մեծ տերությունների հետ վարվել փոքր երեխաների պես։
Նրա համոզմամբ՝ այս կամ այն պատրվակով այցից հրաժարվելը վկայում է խիստ վիրավորվածության մասին, որը չի համապատասխանում պետության ղեկավարի կարգավիճակին, և կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։
«Պետք է վերացարկվել ընթացիկ քաղաքական իրավիճակից և հիշել, որ հայ ժողովուրդը մասնակցել է Մեծ հայրենականին և ընդհանրապես Երկրորդ համաշխարհային պատերազմին», - նշել է Մանուկյանը։











