Վեդիում անչափահաս աղջիկների նկատմամբ բռնության պատմությունը շատ ավելի ծանր թեմա է։ Այն մի քանի շերտ ունի։ Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Առաջին շերտն այն է, որ մեր հասարակությունում իրոք կան այդպիսի այլասերումներ։ Հասարակության խնդիրն է՝ վերացնել այդ քաղցկեղային ուռուցքը», - ասել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ երկրորդ շերտն այն է, որ իրավապահ համակարգը միշտ չէ, որ ադեկվատ է։
«Այն ամբողջությամբ խորասուզվել է քաղաքական հետապնդումների գործընթացի մեջ։ Կեղծ, շինծու մեղադրանքների հաշվին նրանք կարող են քրեական հետապնդման ենթարկել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մեր հայրենակիցների։ Բայց երբ խոսքը վերաբերում է իրական, ծանր և զզվելի քրեական գործի, նրանք կարող են ամիսներով մատը մատին չխփել», - ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
Նա նաև անդրադարձել է իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների զանգվածային ազատումներին։
«Չեմ կարծում, թե նրանց ազատել են տեղեկատվության ինչ-որ արտահոսքի պատճառով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց բոլորին ազատել է և պաշտոններից զրկել միայն մեկ պատճառով՝ հասարակությունում առաջացած դժգոհությունը մեղմելու համար», - հայտնել է պատգամավորը։











