Փոփոխությունը՝ դա է այն հիմնական կարգախոսը, որը ցույց է տալիս, թե ինչի համար ենք մենք պայքարում այս ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Երբ այցելում ենք մարզեր, մարդիկ մեզ ասում են, որ բոլոր քաղաքական գործիչները նույնն են, ուստի համակրանք չեն տածում նրանց հանդեպ, քանի որ նրանք մշտապես ստել են։ Մենք, ի պատասխան դրան, կոչ ենք անում համեմատել գործիչների անցյալը և այն, թե ինչ փոփոխություններ են նրանք բերելու։
Կարող եմ մի օրինակ բերել։ Ուզում եմ ցույց տալ երկու խորհրդանիշ. մեկը մարմնավորում է ներկայիս իշխանությունը, իսկ մյուսը՝ ուժեղ Հայաստանը։
Հայաստանի ներկայիս իշխանությունները մարմնավորողը մուրճն է, որով մի մարդ սպառնում էր մարդկանց։ Դա ներկայիս Հայաստանի խորհրդանիշն է։ Ներկայիս Հայաստանի խորհրդանիշը սեփական ժողովրդի գլխին մուրճ թափահարելն է, սեփական ժողովրդին ազատությունից զրկելը։
Իսկ վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է։ Բահը շինարարության մասին է։ Երկրի հողատարածքների կեսը գտնվում է անտեր վիճակում։ Վաղվա Հայաստանում այդ հողերը զարգացվելու են։
Մեր երկրում հազարավոր ընտանիքներ չունեն բնակարան և ապրում են վարձով, նրանց թվում՝ Արցախից բռնի տեղահանված հայերը և երկրաշարժից հետո տունը կորցրած քաղաքացիները։
Ինչպե՞ս ենք պատրաստվում կառուցել այդ բնակարանները՝ 20 հազար բնակարան։ Բահի օգնությամբ։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե բոլոր քաղաքական գործիչները նույնն են՝ մենք Տաշիրի բնակիչներին կոչ ենք անում հարցնել, թե ինչպես ենք մեզ պահել այնտեղ, ինչպես ենք վերաբերվում մեր եղբայրներին, ինչպես ենք վերաբերվում մեր ստանձնած պարտավորություններին։ Մենք ավելի՞ն ենք արել, քան ստանձնել էինք, թե՞ ոչ։ Մենք այս անգամ էլ կարդարացնենք մեր բոլոր հայրենակիցների սպասելիքները։
Անելիքը շատ է, Հայաստանը գտնվում է ավերակների մեջ։ Մենք միասին կկառուցենք մեր երկիրը»,- նշել է Կարապետյանը։











