Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 29-ին, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, որտեղ նրան ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, վերջինս էլ խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի ժողովրդին:
Նրանք քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի եւ նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարեւորությունը:
Թեհրանում կայացել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի բանակցությունները:
Սալեհին նշել է, որ շատ ջերմ հիշողություններ է պահպանում Երեւան կատարած այցից եւ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում եւ քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին չորս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երեւանում, Թեհրանում եւ այլ տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երկու տասնյակ հանդիպում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների միջեւ:
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ամռանը Երեւանում: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ համագործակցությանը՝ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր են փոխանակվել իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ այդ կապակցությամբ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել եւ հույս է հայտնել, որ այն ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ կամրապնդվի մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:
Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարեւորությունը: Զրուցակիցները պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Երեւանում:
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի, նախարար Ալի Աքբար Սալեհին պաշտոնական ճաշ է տվել ԱԳՆ-ում:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հյուրընկալվել էնաեւ Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:
Նախարար Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաեւ հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի եւ Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջեւ փոխգործակցությանը:
ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրել է միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները եւ բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ:




























