Մեծ Հաղթանակի արժեքների պաշտպանությունն ու հայ-ռուսական անքակտելի հարաբերությունների պահպանումը Հայաստանի ֆիզիկական անվտանգության և ապագայի միակ գրավականն են։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Մհեր Ավետիսյանը։

Նա խորին մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Արևմուտքն այսօր փորձում է վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները՝ մարդկությանը պարտադրելով հիտլերյան գաղափարախոսությանը հարող մտքեր։ Ավետիսյանի խոսքով՝ այժմ հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր ժողովուրդ կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ հավատարիմ մնալ նախնիների սխրանքին, թե՞ կանգնել նացիզմի գաղափարական ժառանգների կողքին։

Քաղաքական գործչի առանձնակի վրդովմունքն է հարուցել հայկական հարթակում Վլադիմիր Զելենսկու ելույթը, ինչը նա անվանել է անընդունելի քայլ։ Ավետիսյանն ընդգծել է, որ նման գործիչներին հաճոյանալը հավասարազոր է ընդհանուր հաղթանակը կերտած պապերի հիշատակի դավաճանությանը։

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքական վերնախավերը պետք է «ամեն առավոտ արթնանան մեկ մտքով՝ ինչպես պահպանել և ամրապնդել հայ-ռուսական հարաբերությունները», քանի որ հենց այդ գործընկերությունն է երաշխավորում երկրի զարգացումն ու անվտանգությունը։ Անդրադառնալով հնարավոր ընտրությունների հարցին՝ շարժման առաջնորդը հայտնել է իր կասկածամտությունը՝ հայտարարելով, որ պարտություն կրած և սեփական անվտանգությունը չվերականգնած երկրում ցանկացած ընտրություն կորցնում է իմաստը, հատկապես իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե իրենց պարտության դեպքում պատերազմն անխուսափելի է։

Մհեր Ավետիսյանն ընդգծել է, որ պատրաստ է աջակցել միայն այն ուժերին, որոնց գաղափարախոսությունը հիմնված է ազգային շահերի և Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի վրա, նույնիսկ եթե դա սպառնում է պատժամիջոցների ճնշմամբ։

Նշենք, որ այսօր՝ Հաղթանակի 81-ամյակի առթիվ, «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հիշատակի ավանդական երթը։ Ակցիայի մասնակիցները Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց քայլել են մինչև «Հաղթանակ» զբոսայգու «Անմար կրակի» հուշահամալիր՝ հարգելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակը և տոնելու իրենց ժողովրդի փառապանծ հաղթանակները։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան։ Նրանց մեծ մասը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել երթին։