Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 29-ին ավարտել է իր նախընտրական այցելությունները մարզեր. ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ը 33 հանդիպում է ունեցել Երեւանից դուրս: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում:
Նրա խոսքով, այդ հանդիպումների ընթացքում արձանագրել են, որ գնալով հաղթահարվում է վախի եւ կաշկանդվածության, զգուշավորության մթնոլորտը:
Ավելին` Վանաձորի հանդիպումը Արամն Մանուկյանին հիշեցրել է 1988-ի ազգային զարթոնքի ժամանակվա հանրահավաքները, որտեղ հորդառատ անձրեւն անտեսելով ժողովուրդը մինչեւ վերջ մնացել է:
«Ժողովրդի ակտիվության մեջ եմ տեսնում ընտրակեղծիքների դեմ պայքարելու, ժողովրդի ձայնն արձանագրություն ու քվե դարձնելու հիմնական երաշխիքը»,- ասաց Արամ Մանուկյանը, հավելելով, որ իր հետազոտություններով, ՀԱԿ-ը կլինի ընտրապայքարի առաջատարը, որի օգտին կքվեարկի հասարակության 50 տոկոսից ավելին:
«Իսկ ՀՀԿ-ն անգամ 3-4-րդ տեղը զբաղեցնելու շանսեր չունի»,-ընդգծեց ՀՀՇ ղեկավարը, ընդգծելով, որ թեեւ մինչ օրս ընտրակաշառք բաժանելու դեպքերի չի առնչվել, բայց առանձնացրեց ասֆալտապատման աշխատանքերը: «Կան բնակիչներ, ովքեր ասում են, թե ՀՀԿ-ին են ընտրելու, քանի որ իրենց երեխան բանակում է: Ուսուցիչների վրա եւս ճնշոււմներ կան»,-ասաց նա:











