Սահմանափակումներից հետո ամբողջությամբ վերականգնվել է ՌԴ հարավում գտնվող օդանավակայանների աշխատանքը։ Այս մաիսն հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը։
«Հարավային ուղղությամբ ավիափոխադրումները վերականգնվել են ողջ ծավալով։ Օդային երթևեկության կառավարումն իրականացվում է առանց թողունակության և տարանցման սահմանափակումների։ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին չեղարկվել են նախկինում սահմանված սահմանափակումների վերաբերյալ NOTAM-ները (ծանուցումներ օդաչուներին)»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տրանսպորտի նախարարության հիմքի վրա ստեղծված օպերատիվ շտաբը կշարունակի աշխատանք կատարել մինչև մայիսի 12-ը։ Գերատեսչություն «Ռոսավիացիայի» և «Ռոսդրանսնադզորի» հետ համատեղ հետևում է իրավիճակին։
Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մայիսի 10-ին ՌԴ հարավի օդանավակայաններն արդեն իրականացրել են 83 չվերթ՝ փոխադրելով 11 հազար ուղևոր։ Մեկ օր առաջ իրականացվել էր 441 չվերթ։
Հաղորվել է, որ մայիսի 8-ի առավոտյան ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Դոնի Ռոստովում գտնվող «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի շենքը, որն իրականացնում է օդային երթևեկության կառավարումը: Այդ պատճառով դադարեցվել էր 13 օդանավակայանների աշխատանքը, այդ թվում՝ Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գելենջիկի, Գրոզնիի, Կրասնոդարի, Մախաչկալայի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Սոչիի, Ստավրոպոլի և Էլիստայի օդանավակայանները:
Նշված օդանավակայանների ուղղությամբ չվերթները վերսկսվել են նույն օրը՝ ժամը 15:00-ից հետո (Մոսկվայի ժամանակով), սակայն եղել են սահմանափակ քանակով։




























