Ներկայիս նախընտրական քարոզարշավը տարբերվում է նրանով, որ քաղաքական բոլոր ուժերը, սկսած իշխող  Հայաստանի հանրապետական կուսակցությունից եւ վերջացրած ընդդիմադիր ուժերով, քարոզչության ընթացքում զբաղվում են ինքնաքննադատությամբ, ինչպես նաեւ մատնանշում են երկրում արդարության անբավարարությունը:

Այդ մասին այսօր` ապրիլի 30-ին, հայտարարել է Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, որը Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում  երկրորդ համարի տակ է հանդես գալիս:

Միաժամանակ Սաֆարյանը նշել է, որ որոշ կուսակցություններ, ովքեր հայտարարում են երկրում արդարության անբավարարության մասին, մոռանում են, որ հանդիսանում կամ հանդիսացել են այն իշխանության մի մասը, որի օրոք ձեւավորվել է արդարության պակասը, եւ կարող էին ժամանակին պայքարել դրա դեմ:

Այդոըհանդերձ, նախընտրական քարոզարշավն, ըստ Սաֆարյանի, հարթ է ընթանում, թեեւ մարզերի բնակչության շրջանում որոշակի վախ է նկատվում: «Ոչ մի բացահայտ խոչընդոտ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում չի եղել, սակայն ակնհայտ  է, որ ժողովուրդը մի փոքր վախեցած է եւ ձգտում է խուսափել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումներից»,-ասել է նա:

Ընտրացուցակների առնչությամբ Սաֆարյանն ընդգծել է, որ մոտ 2,4 մլն ընտրողների թիվը վստահություն չի ներշնչում, քանի որ անկախության տարիներին երկիրը լքեց շուրջ 1 մլն մարդ, եւ նրանց մեծամասնությունն արդեն Ռուսաստանի քաղաքացիներ են:

Արդյունքում նրանք դուրս չեն եկել հաշվառումից, թեեւ վաղուց այլ երկրի քաղաքացիություն ունեն: «Մենք մտավախություն ունենք, որ այդ մարդկանց փոխարեն «կքվեարկեն» եւ քվեաթերթիկների լցոնում կլինի»,-նշել է նա:

Սաֆարյանը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե վստահո՞ւմ է արդյոք վիճակագրական հարցումներին` հավելելով, որ դրանց նպատակն ընտրողներին մոլորեցնելն է: Ըստ Սաֆարյանի` եթե Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացվեն, ապա Կոմկուսը նվազագույնը 10% ձայն կհավաքի:

Նշենք, որ մայիսի 1-ի կեսօրին նախատեսվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմնակիցների հանդիսավոր երթը Մաշտոցի պողոտայով եւ Հանրապետության հրապարակով` նվիրված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան: