Կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը պահանջում է նաև համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։ Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ, ինչն իր հերթին արտացոլումն է գտել նաև օրենսդրական փաթեթում։ «Ընդհանուր առմամբ, նոր անձնագրերի և նույնականացման քարտերի կիրառումը Հայաստանին կմոտեցնի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման հարցի լուծմանը։ Վերջերս ԵՄ-ից հաղորդագրություն է ստացվել Երևանի կողմից «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Դա թույլ կտա օրենսդրական մակարդակով լուծել առկա խնդիրները»,- ասել է Սարգսյանը։

Կառավարության ներկայցուցիչը նշել է, որ փաստաթղթում ներկայացված են անձնագրերի շրջանառության ոլորտի բոլոր կարգավորումները։ Այսպես, ՀՀ 16 տարին լրացած քաղաքացիները պարտադիր կարգով պետք է ունենան նույնականացման քարտեր։ Միայն տվյալ քարտի առկայության դեպքում անձը կկարողանա ստանալ կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նույնպես նախատեսվելու են հատուկ նույնականացման քարտեր, իսկ մինչև 6 տարեկանների համար՝ ծննդյան վկայականներ։

ՆԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիների՝ արտերկիր մեկնելու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը կհամապատասխանեցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին։ Նախատեսվում է նույնականացման քարտերն օգտագործել հանրապետության ներսում, իսկ կենսաչափական անձնագրերը՝ արտերկիր մեկնելու համար։

Կենսաչափական անձնագրեր կտրամադրվեն նաև փախստականներին և հանրապետությունում ապաստան ստացած անձանց։