Հայաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական և սոցիալական կապերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հարցին։
«Այսօր ամսական 160-180 միլիոն դոլարի տրանսֆեր է գալիս Ռուսաստանից, որ մեր ժողովուրդը կարողանա ապրել։ Մեր երկրից միրգ, կոնյակ, գինի տարեկան միլիարդավորի արտահանում է գնում այնտեղ։ Եթե դա փակվեց, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, ջերմոցային տնտեսությունները կփակվեն։ Այդ արտադրանքը Եվրոպա չենք կարող ուղարկել», — նշել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր հայաստանցիներ Ռուսաստանում աշխատելով պահում են իրենց ընտանիքները։
«Մոտ 500-700 հազար հայ գնում է Ռուսաստան աշխատելու, տուն փող ուղարկելու։ Եթե նրանք չգնացին, ի՞նչ ենք անելու», — ասել է նա։
Ծառուկյանը նաև անդրադարձել է էներգակիրների հնարավոր թանկացմանը՝ նշելով, որ եվրոպական գներով գազը Հայաստանի համար լուրջ խնդիրներ կստեղծի։ «Եթե գազը դարձավ եվրոպական գնով՝ 600-800 դոլար, ի՞նչ ենք անելու», — նշել է ԲՀԿ առաջնորդը։
Նա քննադատել է նաև Հայաստանի՝ եվրոպական քաղաքական առաջնորդների հետ կապված ակնկալիքները՝ մասնավորապես հիշատակելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Այսօր Մակրոնը կա, վաղը չկա։ Նա արդեն 7%- անոց մարդ է, հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնում: Ինքը իր երկրում 7% չի ընտրվելու, մենք հույսը ո՞ւմ վրա ենք դնում », — հայտարարել է Ծառուկյանը։











