«Մեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները»։ Մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հզոր Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա տնային կալանքի տակ է և չի կարող հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։

Կարապետյանն ընդգծել է, որ անձամբ է տեսել ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Սոթքից մինչև Կարմիր լճեր ընկած հատվածներում՝ նշելով, որ հակառակորդը առանց որևէ դիմադրության դիրքեր է զբաղեցրել Վարդենիսի լեռներում ։

Նա նշել է, որ սահմանների պաշտպանության բացակայության և ապագայի հանդեպ վախի պատճառով միայն Վարդենիսից կարճ ժամանակահատվածում հեռացել է ավելի քան 2000 մարդ, իսկ շատ գյուղեր փաստացի դատարկված են։

Սամվել Կարապետյանը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանը հարյուր հազարավոր ադրբեջանցիներով վերաբնակեցնելու իշխանությունների ծրագրերի վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կհանգեցնի սահմանամերձ շրջանների և Սյունիքի վերջնական կորստին։