Հնդկական իշխանությունները հայտնել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ասամ նահանգում շոգենավի խորտակման հետեւանքով 105 մարդու զոհվելու մասին: Շուրջ 100 մարդ համարվում է անհետ կորած:
Փրկարարները եւ շրջակա գյուղերի նրանց օգնող բնակիչները 105 մարմին են հայտնաբերել Բրահմափութրա գետի ափերին, որտեղ սուզվել է շոգենավը, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ վերջին տվյալների` շոգենավի տախտակամածին գտնվել է 350 մարդ: Ավելի վաղ հայտնվել էր 250 ուղեւորների մասին, որոնցից 50-ին հաջողվել էր փրկվել:
Շոգենավը սուզվել է Դհուբրի քաղաքից ոչ հեռու, ուր եւ ուղեւորվել էր: Ըստ նախնական տվյալների` նավաբեկության պատճառ կարող է դարձած լինել անբարենպաստ եղանակը:


























