Մալիի մայրաքաղաքում այս գիշեր դաժան բախումներ են բռնկվել  իշխանությունից հեռացված նախագահ Անադու Թումանի Թուրեին հավատարիմ նախագահական գվարդիայի եւ բանակային ստորաբաժանումների միջեւ:

Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող արտասահմանցի դիվանագետները հայտնում են, որ տապալված նախագահի անձնական գվարդիայի զինվորները գրավել են քաղաքի օդանավակայանը եւ շրջափակել ռազմական խունտայի գրասենյակը: Նրանց նաեւ հաջողվել է  գրավել Բամակոյում հեռուստակենտրոնի շենքը: 

Նախագահական գվարդիականները հեղաշրջման փորձ են արել այն բանից հետո, երբ ռազմական խունտան փորձել է ձերբակալել փոխգնդապետ Աբիդին Գուինդոյին` Մալիի տապալված նախագահի ամենամտերիմ համախոհներից մեկին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ինչպես AFP-ին հղում անելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մալիի զինվորակաների առաջնորդը մայիսի 1-ի առավոտյան հայտարարել էր, որ իրեն հավատարիմ ստորաբաժանումներին հաջողվել է իրադրությունը վերահսկողության տակ վերցնել:

«Կապիտան Ամադու Սանոգոն Մալիի ժողովրդին տեղեկացնում է, որ Բամակոյի օդանավակայանը, պետական հեռուստառադիոընկերության շենքը եւ Քաթիի ռազմակայանը գտնվում են վերահսկողության տակ», - ասվում է հաղորդման մեջ, որը եթեր էր թողարկել Մալիի պետական հեռուստատեսությունը:

Մալիի զինվորականները մարտի 22-ին իշխանությունից հեռացրել էին նախագահ Ամադու Թումանի Թուրեին, ղեկավարությունն ստանձնել էր  կապիտան Սանոգոն: Վերջինս ապրիլի 12-ին լիազորությունները փոխանցել էր Մալիի Ազգային ժողովի ղեկավար Դիոնքունդե Թրաորեին, որը դարձել է երկրի նախագահի պաշտոնակատար:

Մայիսի 1-ին Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում պետք է տեղի ունենար հանդիպում Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Քոմփաորեի եւ Թուրեի տապալմանն աջակցող Մալիի զինված ուժերի մի շարք ղեկավարների միջեւ: Այդ հանդիպմանը պետք է քննարկվեին  Մալին ճգնաժամից դուրս բերելու միջոցները: Սակայն այդ հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ ներկայացուցիչներով ինքնաթիռը չի կարող մեկնել Բամակոյից: