Ռուսաստան կատարած այցիս ժամանակ մեր գործընկերներից մեկը պնդեց, թե Հայաստան-ԵՄ գործակցությունը վնասում է Ռուսաստանի շահերին։ Ես արձագանքեցի, որ մենք նման նպատակ չունենք, և խնդրեցի գոնե մեկ օրինակ բերել, թե հատկապես ինչ առարկայական վնաս է հասցրել այդ համագործակցությունը ՌԴ-ին, սակայն ի պատասխան լռություն հաջորդեց։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։

Նա հավելել է, որ այս հարցը տվել է երկրորդ անգամ, և պատասխանը կրկին լռություն է եղել։

Ըստ նրա՝ ընտրությունների մասնակիցները, ինչպես նաև դիտորդները (այդ թվում՝ Հայաստանից դուրս) փորձում են այս ընտրություններին աշխարհաքաղաքական համատեքստ կամ ենթատեքստ հաղորդել, սակայն դրանք չեն կարող նման բնույթ ունենալ, քանի որ Հայաստանը վարում է հավասարակշռող և հավասարակշռված քաղաքականություն։ «Մեր քաղաքականության մեջ չկա դավադրություն կամ որևէ մեկի դեմ ուղղված գործողություն։ Մենք թափանցիկ ասում ենք՝ Հայաստանն ու ժողովուրդը միշտ պետք է այլընտրանք ունենան։ Կան ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն, և մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու շահավետը։ Նեղանալու կամ վիճելու տեղ չկա, մենք վեճերի մեջ չենք մտնելու»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը հստակ հայտարարել է, որ չի միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմներին, բայց նաև քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են երկիրը հասցնել պատժամիջոցների տակ հայտնվելուն։ «Այդ մասին մենք թափանցիկ ասել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերներին։ Մենք, բնականաբար, որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, սակայն մենք ունենք գիծ. եթե մենք զգանք, որ որևէ քայլ անելիս մենք ինքներս են ընկնում սանկցիաների տակ, մենք չենք անելու այդ քայլերը. ամենայն հարգանքով, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել ու դիմանալ, ապա Հայաստանը չի կարող»,- եզրափակել է Փաշինյանը։