«Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբը մայիսի 2-ին Թումանյանի թանգարանում քաղաքական ցուցահանդես-ակցիա է իրականացնում, որը նվիրված է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հ. Թումանյանի պատկերով:
Այս կապակցությամբ կազմակերպիչների հաղորդագրության մեջ նշվում է.
«Աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը: Կոռուպցիան անբարոյականության յուրահատուկ, սոցիալականացված ձեւն է: Սոցիալականացված անբարոյականությունը իրեն արտահայտում է երեք եղանակով. Ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետեւ այն իմ հավատի, իմ եկեղեցու համար է: Երկրորդ. Ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետեւ այն իմ ազգի համար է: Երրորդ, ամենագործուն անբարոյականությունը. Ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետեւ այն իմ ընտանիքի համար է:
Սրանք են գիտակցության կոռումպացվածության երեք հիմնական ձեւերը: Մեր իշխանությունները կոռումպացված են, որովհետեւ նրանց գիտակցությունը ազգայնական է, կլերիկալ (կղերական) եւ մաֆիոզական՝ ընտանեկան: Այդպիսի գիտակցությունը ճանաչում է միայն հետադիմական արվեստ, որովհետեւ կոռումպացված գիտակցությունը չի կարող ընկալել ժամանակակից արվեստ: Հետադիմական արվետը անազնիվ գիտակցության արդյունք է՝ բոլորն էլ ծախված են, պարզապես ոմանք առիթ, կամ հնարավորություն ունեցել են, իսկ մյուսները՝ ոչ: Անազնիվ գիտակցությունը այդպիսին է, որովհետեւ չգիտե ինչ է ազնվությունը:
Կոռումպացված հասարակությունը կործանվում է, որովհետեւ ապրում է անազնիվ գիտակցությամբ: Եթե չի կործանվում, ապա այն այնպես է այլասեռվում, որ ավելի լավ է՝ կործանվի:
Արվեստը քաղաքականությունը չի դիտարկում, ոչ կուսակցական, ոչ գաղափարախոսական տեսանկյունից: Այն ներկայացնում է անսպասելին, տարօրինակը, այն Ուրիշի հայացք է»:



























