Արարատյան դաշտում ծիրանենիները վարակված են սնկային վտանգավոր հիվանդությունով: Այդ մասին այսօր` մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա տեղեկացմամբ` սնկային հիվանդությունը տարածվում է քամու եւ ջրի միջոցով, եւ առաջին հերթին վարակում ծառի վերին ճյուղերի պտուղները, որոնց վրա արդեն իսկ սեւ բծեր են հայտնվել: Ըստ մասնագետի` պայքարի սովորական մեթոդները` ծառի բունը կրով ներկելը, կամ «կապույտ շիբի» սրսկումները (ինչն այս սեզոնին իրականացնում են գյուղացիները) արդյունք չեն տա: Հարկավոր են հատուկ հակասնկային պրեպարատներ (օրինակ` կուրզատ) սրսկել, ու ցանկալի է դա անել ավիացիոն եղանակով:

Հ. Բերբերյանի կարծիքով` եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, ապա ծիրանենիների զգալի մասը 2-3 տարի հետո կոչնչանա: Բացի այդ` սնկային հիվանդությամբ սկսել են վարակվել նաեւ դեղձենիները:

Հ. Բերբերյանի կանխատեսմամբ` ծիրանի բերքն այս տարի մոտ 5 տոննայով կգերազանցի նախորդ տարվա բերքին: Նրա խոսքով` հիվանդացած ծիրանենիները մարդու առողջության համար վտանգավոր չեն: «Լավ լվացեք, կերեք»,- խորհուրդ տվեց նա: