Այդ հարցի (գերիների վերադարձի – խմբ.) լուծման ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք, մենք փորձում ենք աշխատել առավելագույնս գաղտնի, քանի որ դրա հրապարակայնությունը որևէ խնդիր չի լուծում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ լուծենք անազատության մեջ գտնվող քաղաքացիների հարցը։ Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է պատերազմի եռագլուխ կուսակցությունը, չի նպաստում այդ մարդկանց խնդրի լուծմանը։ Ադրբեջանում նույնպես հետևում են Հայաստանի քաղաքական հռետորաբանությանը և տեսնում են, թե ինչպիսի բառապաշար է օգտագործվում։
Հայաստանում Դավիթ Իշխանյանի կուսակիցների հռետորաբանությունն ազդում է ընդհանուր գործընթացի վրա։ Նույնը վերաբերում է նաև այն հռետորաբանությանն ու քաղաքական գծին, որն օգտագործում են Դավիթ Բաբայանի կողմնակիցները։
Եթե նույն ՀՅԴ-ն զարգացնում է այն միտքը, թե մենք հետ ենք բերելու Ղարաբաղը, ապա տրամաբանական չէ, որ Ադրբեջանը նույն քաղաքական ուժի ներկայացուցչին ազատ արձակի, որպեսզի նա միանա այդ գործընթացին։ Պարզ է, չէ՞, որ սա կոնֆլիկտային հռետորաբանություն է և հանգեցնելու է որոշակի դրսևորումների։
Ես չեմ ուզում ասել, որ այդ քաղաքական ուժերը միտումնավոր են ուզում վնասել այդ մարդկանց, բայց նման հռետորաբանությունը վնաս է հասցնում»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ Հայաստան են վերադարձել նրանք, ում մասին ինքը խոսում էր դեռևս 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ «Այժմ այնտեղ գտնվում են այն մարդիկ, որոնք հայտնվել են անազատության մեջ այլ հանգամանքներում։ Ես համոզված եմ, որ նրանց խնդիրը նույնպես կլուծվի, իսկ դրա համար խաղաղության մթնոլորտը պետք է ուժեղանա»,- եզրափակել է Փաշինյանը։











