Երեւանի Մաշտոցի պողոտայից սկսվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմնակիցների ավանդական մայիսմեկյան շքերթը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, երթի առջեւում մեծ վահանակ է` կուսակցության անվանումով, այնուհետեւ ընթանում է դրոշակակիրների շարասյունը, որոնց ձեռքին  Խորհրդային միության եւ Խորհրդային Հայաստանի դրոշներն են: Երթն ուղեկցում է փողային նվագախումբը, որը Հոկտեմբերյան հեղափոխության շրջանի հեղափոխական քայլերգներ է նվագում:

Մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ի տարբերություն նախորդ տարիների մայիսմեկյան երթերի, ընտրություններում Կոմկուսին աջակցելու կոչեր են արվում: Ցուցարարները պաստառներ ունեն  «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է», «Հայաստան, սոցիալիզմ, աշխատանք», «Խաղաղություն. Աշխատանք. մայիս», «Կեցցե մայիսի 1-ը» կարգախոսներով:

Երթը գլխավորում են Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ Կոմունիստական միացալ առաջադիմական  կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, որը Կոմկուսի հետ միասնական համամասնական ցուցակով է հանդես գալիս:

Մաշտոցի պողոտայից հետո կոմունիստները կանցնեն Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վ. Սարգսյանի փողոցով: Դրանից հետո Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա տոնական հանրահավաք, որն այս անգամ նախընտրական շեշտադրում կունենա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի