«Շենգավիթը միշտ եղել է հայկական արդյունաբերության սիրտը, սակայն այսօր այն վերածվել է տնտեսական լճացման և էկոլոգիական աղետի գոտու, ինչը բացարձակապես անընդունելի է ուժեղ երկրի համար»։ Մայիսի 14-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը:

Իր ելույթում նա ընդգծել է, որ բացի խոր տնտեսական ճգնաժամից, Շենգավիթը տառապում է քաղաքում օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակից՝ քաղաքացիներին զրկելով արժանապատիվ կյանքի և առողջության իրավունքից։ Գոհար Մելոյանը նշել է, որ այս իրավիճակի շտկումը դաշինքի համար առաջնահերթություն է լինելու, քանի որ «մեր երեխաներն ու ծնողներն արժանի են շնչել մաքուր օդ և ունենալ արժանապատիվ աշխատանք»։

Նա միաժամանակ ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հեղափոխական ժողովրդագրական ծրագիրը, որն ուղղված է ծնելիության աղետալի անկման և բնակչության արտահոսքի հաղթահարմանը։

Ըստ դաշինքի ներկայացուցչի՝ ազգային անվտանգության հարցերի լուծման նպատակով ստեղծվելու է «Ազգային վերածննդի հիմնադրամ»: Այդ նախաձեռնության շրջանակում ընտանիքում յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծննդյան համար կվճարվի 2 միլիոն դրամ, իսկ այն ընտանիքները, որտեղ կծնվի հինգերորդ երեխան, պետությունից կստանան անվճար բնակարան:

Գոհար Մելոյանը շեշտել է, որ «Ուժեղ Հայաստանը» չի զբաղվում դատարկ նախընտրական խոստումներով, քանի որ իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանն արդեն իսկ իրականացրել է մի ամբողջ պետության ծավալի նախագծեր՝ չզբաղեցնելով ոչ մի պաշտոն։ Նա վստահություն է հայտնել, որ հենց նման ուժեղ առաջնորդը կկարողանա կանգնեցնել ընտանիքների քայքայումը և հայրենակիցներին վերադարձնել հայրենիք՝ ապահովելով իրական փոփոխություններ «հողի վրա»։