Ադրբեջանն այսօրվանից` մայիսի 1-ից, մեկ ամսով կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Ադրբեջանը 2011 թվականի հոկտեմբերի 24-ին է ընտրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ։ Նախագահությունը ստանձնելու առիթով երկրի ղեկավար Իլհամ Ալիեւը մեկնելու է Նյու Յորք, որի կապակցությամբ ամերիկահայերը բողոքի ակցիաներ են կազմակերպելու: Նրանք ԱՄՆ ղեկավարներին առաջարկում են պահանջել Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ իրականացվող հարձակողական քաղաքականությունը եւ վերջ տալ հայատյաց, ռազմատենչ հռետորաբանությանը։
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում կա 5 մշտական անդամ` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Ռուսաստան, որոնք ունեն որոշումները վետոյի ենթարկելու իրավունք։ Բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի նաեւ 10 ոչ մշտական անդամ, որոնցից մեկն էլ այս պահին Ադրբեջանն է:




























