Մայիսի 1-ից Բաքվում պաշտոնապես ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի արգելվում է ռուսական արտադրության մեքենաներն օգտագործել տաքսի ծառայություն մատուցելիս, հաղորդում է Lenta.ru-ն:

Իրավախախտները կպատժվեն 100 մանաթ (շուրջ 100 եվրո) գումարով:

Ավելի վաղ, 2012-ի սկզբին, հրապարակվել էր մեքենաների այն մոդելների ցանկը, որոնցով թույլատրվում է տաքսի ծառայություն իրականացնել Բաքվում: Այդ ցանկում կային մի քանի ռուսական մոդելներ` Lada Priora, Volga Siber, «ԳԱԶ-3102» եւ «ԳԱԶ-31105». Սակայն նախարարության աշխատակիցն արդեն այն ժամանակ հայտարարել էր, որ փաստացի այդ մեքենաները Բաքվի տաքսամոտորային շուկա մտնելու թույլատվություն չունեն:

Ադրբեջանը գնում է «լոնդոնյան» տաքսիներ (չինական TX4 մեքենաներ): Այդ մոդելներն աստիճանաբար կփոխարինեն այդ ոլորտում գործունեություն ծավալող մյուս մեքենաներին:

Ներկայումս, ըստ Ադրբեջանի տրանսպորտի նախարարության տվյալների, Բաքվում գործում է շուրջ 1000 «լոնդոնյան տաքսի», իսկ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 3 հազարի: