Մենք ազդակներ չենք ստացել այն մասին, թե Հայաստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան։ Այս մասին մայիսի 15-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի՝ արձակուրդում գտնվող նախարար Գևորգ Պապոյանը, որն ընդգրկված է ներկայում երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում։    

«Գուցե որևէ քաղաքացի ինչ-որ խնդիր ունի փաստաթղթերի հետ կապված, բայց միևնույն ժամանակ 100 հազար մարդ այդ խնդիրը չունի։ Հավանաբար, սա անգրագետ կալուգացի օլիգարխի մտքի թռիչքն է։ Նրանք ամեն օր մտածում են, թե ինչը կարող է ամենից լավ գործել Հայաստանի դեմ։

Ադրբեջանցիները չեն խոսում 300 հազար ադրբեջանցիների մասին, բայց նրանք խոսում են դրա մասին։ Նրանք զբաղված են հակապետական գործունեությամբ, և դրան պետք է տրվի քաղաքական, նաև իրավական գնահատական։ Մենք Հայաստանից լոլիկ ենք արտահանում այլ երկրներ, իսկ այնտեղից Հայաստան արտահանում են օտարերկրյա գործակալների։ Այս հետաքրքիր ապրանքաշրջանառությանը պետք է հետևեն քաղաքական, ապա նաև իրավական գործընթացներ։

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման փակված է։ Այս հարցը ձեռնտու է կալուգացի օլիգարխի շրջապատին, քանի որ նրանք ցանկանում են այն օգտագործել Հայաստանի դեմ, որովհետև թույլ Հայաստանը ձեռնտու է կալուգացի օլիգարխին»,- նշել է Պապոյանը։