Ադրբեջանական կողմը տարեցտարի ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը: Այդ մասին  Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովին եւ Իրժի Աբերլեին` նախօրեին կայացած ԵԱՀԿ-ի դիտարկման ընթացքում:

Ընթացիկ տարվա սկզբից մինչեւ ապրիլի 30-ը ադրբեջանական ԶՈՒ-ն հրադադարը խախտել է շուրջ 4600 անգամ: Հակառակորդի սադրիչ գործողություններին հայկական կողմը պարբերաբար ստիպված է լինում պատասխանել:  «Մեր կողմից հրաձգությունը ճնշելու համար շուրջ 450 անգամ պատասխան կրակ է բացվել` ուղիղ տասն անգամ ավելի քիչ: Թվերն ամեն ինչ ասում են»,- նշել է Անդրանիկ Մկրտումյանը:

Անցած տարի ադրբեջանական կողմը 250 անգամ խոշոր կալիբրի ԴՇԿ գնդացիրներ է կիրառել, ընթացիկ տարվա սկզբից` 50 անգամ: Այս տարի եւս Ադրբեջանի կողմից ՌՊԳ-7-ի կիրառման մեկ դեպք է արձանագրվել (ղարաբաղյան ուղղությամբ):

Հակառակորդի կողմից հրադադարը խախտելու արդյունքում ընթացիկ տարվա սկզբից զոհվել են 5, վիրավորվել` 7 հայ զինծառայողներ: ընդ որում` միայն ապրիլ ամսին` 4 հոգի վիրավորվել, 3-ը զոհվել են: «Բոլոր սպանվածները Տավուշի ուղղությամբ են եղել»,- նշել է գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` մարտին եւ ապրիլին Տավուշի մարզում կտրուկ ավելացել է բնակավայրերի վրա հրաձգության դեպքերը:  «Ես դիրքերի մասին չեմ խոսում: Խոսքը խաղաղ բնակիչների, դաշտում աշխատողների, գյուղերի, անգամ մանկապարտեզների հրաձգության մասին է», - նշել է գնդապետը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, օրերս ադրբեջանական կողմը մի շարք սադրիչ գործողություններ է ձեռնարկել. Ղարաբաղյան ուղղությամբ ապրիլի 24-ին հրաձգության էր ենթարկվել սանիտարական մեքենան, ապրիլի 25-ին կրակել էին Դովեղ գյուղի ուղղությամբ, ընդ որում` 40 րոպե շարունակ` որպես թիրախ ընտրելով մանկապարտեզը, ապրիլի 26-ին Հայաստան ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները հրաձգության էին ենթարկել ռազմական մեքենան` սպանելով երեք զինծառայողների:

2011թ.  ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է ավելի քան 12 600 անգամ,  2010թ.` 7200, 2009թ.` գրեթե 4600 անգամ:

2008թ. արձանագրվել էր 3500 խախտում,  2007թ.` շուրջ 1400: 2006թ. ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր շուրջ 600 անգամ: