Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր` մայիսի 1-ին, այցելել է Մաշտոցի պուրակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներից Մերի Խաչատրյանը: «Ես` որպես ակտիվիստ մոտեցա եւ խնդրեցի նախագահին իր կարծիքը հայտնել պուրակում կրպակների առկայության մասին: Նա նշեց, որ օրինական ճանապարհով կփորձի այդ հարցին ընթացք տալ եւ օրենքի շրջանակներում լուծել սեփականատերերի իրավունքների հարցը»,- նշեց նա: Ակտիվիստ խոսքով`  Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին ցուցումներ էր տալիս, իրենք սակայն չեն կարողացել լսել, թե կոնկրետ ինչ էր ասում, բայց  կարծես ասում էր, որ կարճ ժամանակահատվածում ապամոնտաժեն կրպակները:

Այժմ ակտիվիստները սպասում են պաշտոնական լրահոսին, որպեսզի տեղեկանան, թե որն է լինելու քաղաքապետի քայլը: Հայաստանի նախագահն անակնկալի էր բերել ոչ միայն ակտիվիստներին, այլեւ ոստիկաններին, ոչ ոք տեղյակ չէր նրա այցի մասին:

Նշենք, որ երկու ամսից ավելի է մի խումբ ակտիվիստներ պայքարում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, նրանք ամենօրյա հսկողության տակ են վերցրել այգին եւ չեն հեռանում այնտեղից, քանի դեռ կրպակները չեն ապամոնտաժվել: Ստեղծվել են նաեւ ապամոնտաժող բրիգադներ, որոնք բազմիցս փորձել է ապամոնտաժել կրպակները:

Ապրիլի 29-ին ոստիկանները ակտիվիստներից 7-ին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել: