Հայկական կողմը պատրաստ է դիպուկահարներին հետ քաշել, եթե ադրբեջանական կողմը նույնպես նման պատրաստակամություն հայտնի: Այս մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովին եւ Իրժի Աբերլեին` նախօրեին կայացած դիտարկման ժամանակ:

«Մենք պատրաստ ենք դիպուկահարներին հետ քաշելուն, բայց ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է դրան»,-հիշեցրել է նա:

Մկրտումյանի խոսքով, նախորդ տարի արձանագրվել է ադրբեջանական կողմից դիպուկահար կրակոցի շուրջ 2600 դեպք: Այս տարվա 4 ամիսներին այդ թիվը կազմել է 850: Հայկական կողմը պատրաստ ենք դիպուկահարներին հետ քաշելուն, բայց միակողմանիորեն այդ քայլին մենք չենք գնա»,-ընդգծել է նա:

Նշենք, որ այս տարվա սկզբից Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով հայկական կողմից զոհվել է 5 եւ վիրավորվել 7 զինծառայող: