Ադրբեջանը կարող է վերանայել իր արեւմտամետ դիրքորոշումը եւ մտնի «նոր դաշինք», եթե ԱՄՆ-ից եւ Եվրոպային ավելի լայն աջակցություն չստանա, հատկապես Ղարաբաղի հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Եվրոպան եւ ԱՄՆ-ը ճնշում գործադրեն Հայաստանի վրա «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից օկուպացիոն զորքերը դուրս բերելու հարցում», մեջբերում է Bloomberg Businessweek-ը:

Մամեդովը նախազգուշացրել է, որ Ադրբեջանն արդեն առաջարկ է ստացել միանալ այլ քաղաքական դաշինքի եւ չի ընդունել այդ առաջարկը, բայց եթե այսպես շարունակվի, նա կարող է ընդունել այն 5-10 տարվա ընթացքում: «Մենք աջակցություն ենք ակնկալում Արեւմուտքից ԼՂ հարցում»,-հայտարարել է Մամեդովը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակիցը նաեւ նշել է, որ Ադրբեջանը միակ մահմեդական աշխարհիկ երկիրն է, որն իր ճակատագիրը կապում է Արեւմուտքի հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի մատակարարումների շուրջ 35 տոկոսն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, սակայն «մենք չենք տեսնում դրական վերաբերմունք մեր հանդեպ»:

«Իրանը մեզ ասում է, ինչո՞ւ եք ձեն նավթը վաճառում Արեւմուտքին: Դուք պետք է խզեք ձեր հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, որովհետեւ նրանք մեր թշնամիներն են»,-ասել է Մամեդովը:

Նա նաեւ մեղադրել է որոշ արեւմտյան լրատվամիջոցների` Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններում լարվածություն սերմանելու մեջ այն բանից հետո, երբ Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով ամերիկյան հետախուզության անանուն գործակալների, հայտնել էր, որ Ադրբեջանն Իսրայելին առաջարկել է իր օդանավակայանները` Իրանին հնարավոր օդային հարվածներ հասցնելու նպատակով: