ԱՄՆ արդարադատության նախարարությունը կպահանջի մահապատիժ սահմանել այն տղամարդու համար, որը մեղադրվում է Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների մահացու վիրավորում հասցնելու մեջ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դատախազության հայտարարությանը:
Էլիաս Ռոդրիգեսին դաշնային մեղադրանքներ են առաջադրվել՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների և անցյալ տարվա մայիսին թանգարանում անցկացված միջոցառումից հեռանալիս Յարոն Լիշչինսկու և Սառա Միլգրիմի սպանության համար:
Հրաձգության ժամանակ Ռոդրիգեսը գոռացել է «Ազատություն Պաղեստինին», իսկ ավելի ուշ ոստիկանությանն ասել է. «Ես դա արեցի հանուն Պաղեստինի, ես դա արեցի հանուն Գազայի»։
Ռոդրիգեսի դեմ առաջադրված մեղադրանքները ներառում են ատելության հողի վրա կատարված հանցագործություն, որը հանգեցրել է մահվան: Մեղադրական եզրակացությունը պարունակում է նաև հատուկ եզրակացությունների մասին ծանուցում, ինչը դատախազությանը թույլ է տալիս մահապատժի դատավճիռ պահանջել:
Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մեղադրանքները նշանակում են, որ դատախազները ստիպված կլինեն ապացուցել, որ Ռոդրիգեսը հակասեմական դրդապատճառներով է առաջնորդվել, երբ կրակ է բացել Լիշչինսկու և Միլգրիմի՝ նշանադրության պատրաստվող երիտասարդ զույգի վրա:
Միլգրիմը ԱՄՆ քաղաքացի էր, իսկ Լիշչինսկին՝ ԱՄՆ-ում աշխատող Իսրայելի քաղաքացի։
Դատախազությունը սպանությունը բնութագրել է որպես դիտավորյալ և կանխամտածված՝ նշելով, որ Ռոդրիգեսը Չիկագոյից Վաշինգտոն էր թռել մայրաքաղաքի հրեական թանգարանում մայիսի 21-ին անցկացվելիք միջոցառման նախաշեմին՝ գրանցված ուղեբեռում ունենալով ատրճանակ։





























