Ավստրիայի քաղաքացի Մաքսուդ Լոդինի կողմից մաքսանենգ ճանապարհով Պակիստանից Գերմանիա տեղափոխված պոռնոֆիլմերում «Ալ Կաիդայի» հրահանգներ են գտել Եվրոպայում արյունալի ահաբեկչություններ իրականացնելու վերաբերյալ: Փաստաթղթերը նախորդ տարի հայտնաբերել են Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները:

Ինչպես CNN-ին հղում անելով տեղեկացնում է NEWSru Israel-ը, Լոդինը բռնվել եւ հարցաքննվել է  2011թ. մայիսի  16-ին գերմանական ոստիկանության կողմից` պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով: Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերել են տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, հիշողության քարտեր` պոռնոգրաֆիական ֆիլմերով: Ոստիկաններին զարմացրել է այն փաստը, որ ընդամենը մի քանի րոպե տեւողությամբ տեսահոլովակները զբաղեցնում են առգրավված տեղեկատվության կրիչների ամբողջ ծավալը, ընդ որում` տեսագրությունների որակը սովորականից ցածր է:

Գերմանացի մասնագետները մի քանի շաբաթ աշխատել են գտածի վրա, մինչեւ որ նրանց աշխատանքը հաջողությամբ է պսակվել. Պոռնոյի ներսում հարյուրից ավելի փաստաթղթեր են գտնվել, որոնք Եվրոպայում արյունալի ահաբեկչություններ իրականացնելու վերաբերյալ հրահանգներ են պարունակել:

Պոռնոֆիլմերում թաքնված ծրագրերում մանրամասն հրահանգներ են տրված Մումբայի «Թրիդենթ» հյուրանոցի ահաբեկչության ոճի ահաբեկչություն իրականացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, պակիստանցի 10 ահաբեկիչներ 2008թ. նոյեմբերի 26-ին  գրավել են հյուրանոցը եւ սկսել սպանել կենվորներին:

Հնդկական հատուկ ծառայությունները նրանց չեզոքացրել են նոյեմբերի  28-ին, եւ այդ ընթացքում ահաբեկիչները 164 մարդ են սպանել:

Ստացված փաստաթղթերից հետեւում է, որ «Ալ Կաիդան» մտադիր է գրավել դեռ գոյություն չունեցող, բայց արդեն չինացիներին պատվիրած  «Տիտանիկ-2»-ը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների խոսքով` գերմանական ոստիկանության փաստաթղթերը հնարավոր չի գերագնահատել:

Մաքսուդ Լոդինը եւ նրա ընկեր Յասին Օչաքը Վիեննայում Լոդինի ձերբակալությունից հետո Բեռլինում դատարանի առջեւ են կանգնել` ահաբեկչական գործունեությանը մասնակցելու մեղադրանքով: