«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրվելու դեպքում մտադիր է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանի քաղաքացիների և գործարարների պաշտպանությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի շրջափակել սահմանը, բոլորս գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ սահմանը բացվի, սակայն այն այդպես էլ չի բացվել։ Մենք արդեն հստակ գիտակցում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով, իսկ Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, նախապայմանների թիվը անընդհատ աճում է, և այդ պատճառով էլ սահմանի ապաշրջափակում տեղի չի ունենում»,- հայտարարել է նա։ Այնուամենայնիվ, Մարուքյանի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը ժամանակի հարց է և երկարաժամկետ հեռանկարում՝ անխուսափելի։ Հետևաբար, մինչև սահմանի փաստացի ապաշրջափակումը, անհրաժեշտ է մի շարք օրենսդրական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի ռազմավարական շահերը պաշտպանելու համար։

«Մինչև սահմանի փաստացի բացումը, մենք Ազգային ժողով կներկայացնենք օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երկրի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան, ռազմավարական օբյեկտները, ինչպես նաև արժեթղթերն ու բաժնետոմսերը»,- պարզաբանել է Մարուքյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել ֆերմերների, գյուղմթերք արտադրողների, ջերմոցային տնտեսությունների տերերի և այն գործարարների պաշտպանության անհրաժեշտության վրա, որոնց վրա սահմանի բացման դեպքում կարող է ազդել տնտեսական միջավայրի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ առանց նախապես պատրաստված իրավական և տնտեսական կարգավորման մեխանիզմների, երկիրը կարող է բախվել ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական մարտահրավերների հետ։

«Միևնույն ժամանակ, մենք հստակ հասկացնում ենք, որ Հայաստանը պատրաստ է և ձգտում է հարաբերությունների կարգավորմանը, սակայն մենք ոչ մի դեպքում վտանգի տակ չենք դնի մեր ռազմավարական օբյեկտներն ու պետական ինստիտուտները»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ կուսակցությունը չի գնա որևէ լրացուցիչ նվաստացուցիչ զիջման՝ հանուն այդ սահմանի բացման։

Մարուքյանը քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին մասնակցել քվեարկությանը և սատարել «Լուսավոր Հայաստանին»՝ հայտարարելով, որ կուսակցությունն առաջարկում է առանց «նվաստացուցիչ զիջումների» բացել սահմանը։ Նա նաև հայտնել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները խորհրդարան կներկայացվեն հունիսի 8-ից հետո, և վստահություն է հայտնել, որ դրանց կենսագործումը թույլ կտա միաժամանակ շարժվել թե՛ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման, թե՛ պետության ներքին դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։