Երեւանի Մաշտոցի պուրակի կրպակների ապակոնտաժման վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում կկայացնի վաղը` մայիսի 2-ին: Այս մասին նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման եւ այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները եւ կշարունակենք բարեկարգման աշխատանքները»,-ասել է նա:
Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները. «Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք եւ այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 1-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ, տեղում ծանոթացել ընթացող բարեկարգման աշխատանքներին եւ իր դիրքորոշումն է հայտնել այնտեղ տեղադրված ժամանակավոր տաղավարների վերաբերյալ: Ըստ այդմ, Հանրապետության ղեկավարն առաջարկել է Երեւանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:




























